Թուրքիայի հարձակումը սիրիացի քրդերի վրա և Իրանի ու Իսրայելի միջև լարվածության մեծացումը սպառնում են Մոսկվայի կառուցած շենքին` Սիրիայի հարցում լուծում գտնելու նպատակով` գրում է Le Monde-ում Իզաբել Մանրոն: Նոր լարումը Սիրիայի ռազմական գործողությունների դաշտում Իսրայելի ու Ասադին աջակցող Իրանի միջև Մոսկվային նրբանկատ վիճակում է դնում: Մի կողմից` Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, մյուս կողմից` ոչ միջոցներ, ոչ ցանկություն ունի խզելու ալյանսը Իրանի հետ` Դամասկոսի վարչակարգը պահելու համար: Այդ հավասարությունը ռուսական իշխանություններին դարձրել է համարյա համր փետրվարի 10-ին Սիրիայում Իսրայելի օդային հարձակման վերաբերյալ:
Նեթանյահուն մինչև Մոսկվա մի քանի անգամ հասել է` Կրեմլի տիրոջը նախազգուշացնելու իր երդվյալ թշնամի Իրանի աճող ազդեցության վտանգավորությունը: Հունվարի 29-ին Իսրայելի վարչապետը նույնիսկ քարտեզը ձեռքին էր եկել` ցույց տալու, որ Սիրիայում կան իրանական ռազմաբազաներ: Թեհրանը հերքում է` պնդելով, որ Սիրիայում ունի միայն ռազմական խորհրդատուներ: Մոսկվայի համար Իրանը չափազանց կարևոր դաշնակից է Սիրիայում: Իրանի ու իրանամետ ջոկատները առանցքային դեր են ունեցել սիրիական ապստամբությունը ճնշելու մարտերում, Թեհրանը ակտիվ մասնակիցն է այն քաղաքական լուծման, որ ուզում է Կրեմլը կառուցել: 2016-ի դեկտեմբերի 20-ին կնքված Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ալյանսը, որ հանգեցրեց Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծմանը, այսօր ճոճվում է: Աֆրինի քրդական անկլավի վրա թուրքական ռազմական հարձակումից հետո Իրանի ու Իսրայելի առճակատումը նոր տհաճություն է Մոսկվայի համար: «Այդ լարվածությունը ի սկզբանե կանխատեսելի էր, Բաշար Ասադին իշխանության պահելու համար Ռուսաստանն ու Իրանը ստիպված էին նրա կողմում մնալ, իսկ Իրանի ներկայությունը Իսրայելի համար անընդունելի է,-ասում է Մոսկվայում ԱՄՆ-ի ու Կանադայի ինստիտուտի Մերձավորարևելյան կոնֆլիկտների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Շումիլինը:-Կրեմլը պատանդն է այն իրավիճակի, որ ինքն է ստեղծել»: Գործընկերներին այսօր հնարավոր չէ հրաժեշտ տալ, միասին մնալն առավել վտանգավոր է դառնում: Դժվարությունների առաջին դրսևորումը հունվարի 30-ին Սոչիում կազմակերպված խաղաղության սամմիթի ձախողումն էր, որի պատճառներից վերջինը չէր թուրքական հաստակողությունը քրդական հարցում:
Իզաբել ՄԱՆՐՈ, Le Monde
Հ.Գ. Դե այսքանից հետո ինչպե՞ս չմրսի ու չհիվանդանա Վլադիմիր Պուտինը: Ընտրություններից առաջ: Աֆրինից հետո: «Վագների խմբի» զոհերից հետո: Մոսկվայի կատաղի ձյան ու ցրտի մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ